Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 24-ին մենք մեր ջոկատով, մեզ հետ նաև մի քանի ճամբարական այլ ջոկատներից, ընկեր Վարդանի և ընկեր Հասմիկի հետ մեկնեցինք Արատես՝ միասին իրականացնելու եռօրյա ձմեռային ուսումնական ճամբար։ 

Օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուց, որտեղ հավաքվեցինք խմբով, տեղավորեցինք մեր իրերը երթուղայինում, լուսանկարվեցինք եկեղեցու բակում և մեկնեցինք դեպի Արատես: Խումբն այնքան էլ մեծ չէր՝ 14 ճամբարական սովորող, երկու դասավանդող, սակայն երթուղայինում բավականին բարձ տրամադրություն էր իշխում, որը ճանապարհը դարձրեց ավելի հետաքրքիր: Ճանապարհին երկու կանգառ ունեցանք, հետո հասանք Եղեգիս գյուղ, միասին քայլեցինք դեպի Չորաց վանք: Վանքի ճանապարհին հանդիպեցինք Եղեգիս գյուղի դպրոցականների և ուսուցիչների խմբին, ովքեր խաղում էին դպրոցի բակում։ Մոտեցանք նրանց, ծանոթացանք, զրուցեցինք, շփվեցինք, լսեցինք փոքրիկների ասմունքները, այնուհետև շարունակեցինք մեր քայլքը։ Վանքից վերադառնալուց հետո նորից տեղավորվեցինք երթուղայինում և քիչ հետո հասանք Արատես։ 

Արատեսում նախ մեր իրերը տեղավորեցինք կացարաններում, իսկ հետո սկսեցինք ճաշի պատրաստությունը: Ճաշելուց հետո վառարանները վառեցինք, մի փոքր հանգստացանք, իսկ երեկոյան տաք վառարանի շուրջ հավաքվեցինք, Արատեսի մասուրից պատրաստված թեյ խմեցինք և համեղ պլեճների շուրջ ունեցանք հետաքրքիր բարբառային զրույց, որին ես մասնակցեցի որպես Լոռվա բարբառակիր:

Այս ամենից հետո սենյակները լավ տաքացրինք և պառկեցինք քնելու, որով էլ ավարտվեց մեր ճամբարային առաջին օրը։

Երկրորդ օրը սկսվեց ժամը 09:30, երբ բոլորս հավաքվեցինք ակումբում և քայլեցինք դեպի հյուսիս՝ բաց դաշտում իրականացնելու առավոտյան նախավարժանք և մարզումներ: Մարզական պարապմունքից հետո նախաճաշեցինք, հետո մենք կատարեցինք սենյակների և տարածքի մաքրման աշխատանքներ։ Կեսօրին քայլեցինք դեպի հյուսիս, ձորակով քայլեցինք դեպի Արատեսի վանք, վանքից քայլեցինք դեպի Արատես գետ և ժայռի աղբյուր: Երբ մեր քայլքն ավարտեցինք և վերադարձանք ակումբ, սկսեցինք ակտիվ ընթրիքի պատրաստությունը: Ընկեր Վարդանը պատրաստեց Սյունիքի ճաշատեսակներից ավելուկով համեղ ճաշ։ Ընթրիքից հետո մենք ակումբում նորից ունեցանք հաճելի թեյախմություն Արատեսի մասուրով, զրույց-քննարկում իրականացրինք, խաղացինք․․․երեկոն բավականին հետաքրքիր էր:
Ահա այսպես հետաքրքիր էլ ավարտվեց նաև մեր ճամբարային երկրորդ օրը, այնպես, ինչպես առաջին օրը։

Երրորդ օրը մի քիչ անհանգիստ էինք, քանի որ բոլորս հավաքվում, պատրաստվում էինք մեր վերադարձին։ Մեկը քնապարկն էր փորձում հավաքել, մյուսը հեռախոսի մարտկոցը չեր գտնում, իսկ երրորդը անհանգստանում էր՝ արդյո՞ք ամեն ինչ կտեղավորվի պայուսակի մեջ: Սակայն նախաճաշից հետո ամեն ինչ որոշ չափով հանդարտվեց և բոլորս ժամը մեկին արդեն պատրաստ վիճակում տեղավորված էինք երթուղայինի մեջ:

Ճանապարհին մեկ կանգառ ունեցանք, ընդմիջեցինք, թարմացանք և նորից շարունակեցինք մեր ճանապարհը։ Վերադարձանք Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, որտեղից ընկեր Վարդանը բոլորին ճանապարհեց և միմյանց հրաժեշտ տվեցինք։

Автор

Քեթրին Եփրեմյան Ամատունու

Բարև սիրելի այցելու: Ես Քեթրինն եմ, 14 տարեկան եմ և սովորում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում, Ավագ դպրոցի ` 10-րդ դասարանում☆

Оставьте комментарий